ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հավաքակական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։ Գիտաժողովին աջակցել են նաև Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը և «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ և գիտական հետազոտողներ Ռուսաստանից, Տաջիկստանից, Կիրգիզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Իրանից, ինչպես նաև Երևանի բազմաթիվ բուհերից: Բացման խոսքով և ողջույններով հանդես եկան ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն, մեր համալսարանի լավագույն բարեկամ, տ.գ.թ., դոցենտ Նվեր Թորոսյանը, ՀՃԱ նախագահ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ պատվավոր ճարտարագետ Սերգեյ Մինասյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ, տ.գ.թ., ՀԱՊՀ դոկտորանտ, մեր համալսարանի շրջանավարտ Վահան Դավթյանը:

Գիտական նստաշրջանը սկսվեց ԵՃՇԱՊՀ – տ.գ.թ., դոցենտ Գոհար Հովսեփյանի հաղորդումով՝ Երևանյան լճի բնապահպանական սուր խնդիրների վերաբերյալ: Ապա ելույթ ունեցավ ՌԴ ԳԱ Օվկիանոսագիտության ինստիտուտի գիտական քարտուղար, պրոֆեսոր Իրինա Վիշնևսկայան:

Ելույթներ եղան նաև Տաջիկստանի ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի, ԵՊԲՀ-ի մասնագետների կողմից: Ելույթները լսվեցին և քննարկվեցին մեծ ուշադրությամբ: Առավոտյան նստաշրջանի վերջում հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, պրոֆեսոր Կարեն Ավագյանը, որը շնորհակալական խոսքով դիմեց կազմակերպիչներին՝ նման միջոցառումների պարբերական անցկացման, հատկապես դրանց գործնական խնդիրների լուծման, այնպես էլ երիտասարդության բնապահպանական կրթությանն աջակցելու համար:

Ինչպես բոլոր ելույթ ունեցողները նշեցին՝ գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի, պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը: Ուսանողների և բնագավառում աշխատող երիտասարդության մասնակցությամբ գիտաժողովի անցկացումը կնպաստի մեր երկրում նման մասնագիտական ուղղվածության ներուժի բացահայտմանը, բնապահպանական խնդիրների լուծման մոնիթորինգային նոր մոտեցումների զարգացմանը, աղտոտիչների հայտնաբերման նոր տեխնոլոգիաների քննարկմանը:

Այնուհետև քննարկումները տեղափոխվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոն: Այստեղ ելույթներ կունենան ինչպես մեր համալսարանի, այնպես էլ հրավիրված մասնագետները: Ավելին` տեղում կքննարկվեն համագործակցության ուղիները:

Հոկտեմբերի 24-ին քննարկումները կշարունակվեն, մասնավորապես ձեռնարկություններում՝ համատեղ նպատակաուղղված գործնական կապերի ամրապնդման համար:

Նման գիտաժողովի անցկացումը կարևոր է հատկապես Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին։

Վարչական շրջանի բնապահպանական խնդիրներին նվիրված գիտաժողովներն անցկացվում են սկսած 2011 թվականից և հիմնական առանցքը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների ամբիոնն է` ի դեմ գիտաժողովի կազմակերպական կոմիտեի նախագահ, ՀԱՊՀ Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանի։ Գիտաժողովում կքննարկվեն մի շարք թեմաներ, տարածաշրջանային հիմնական խնդրի՝ վերահսկողության կազմակերպման և գեոդինամիկ գործընթացների մասին, որտեղ ուսումնասիրվում են օրգանական նյութերի քիմիան և արտադրության տեխնոլոգիաները, դեղագործական արդյունաբերության հնարանքները և ուսումնասիրվող բնագավառին հարակից այլ խնդիրներ, օրգանական նյութերով աղտոտված հոսքաջրերի մաքրումը և այլն: Այդ կապակցությամբ ամբիոնը գիտագործնական կապեր է հաստատել նաև ՀԱՊԿ ինստիտուտի հետ, նրա կողմից ունենալով աջակցության բոլոր հնարավոր ուղղությունները՝ համատեղ աշխատանքների կատարում, հոդվածների հրատարակում, գործնական նվաճումների փորձարկում: Գիտաժողովներն անցնում են արտասահմանյան գործընկերների ակտիվ մասնակցությամբ և ներկայացվում են օրգանական, կենսաօրգանական, գյուղատնտեսական օժանդակ միջոցներով, դեղանյութերով և այլ նման նյութերով շրջակա միջավայրի աղտոտման ու մաքրման խնդիրները:

Ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս գիտաժողովի զեկուցման թեզիսները հրատարակվել են առանձին գրքույկներով։ Լավագույն աշխատանքները տպագրվելու են տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում:

 22713243_1746923488936420_4945455039077838706_o

free vector