ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Նոր ծրագրի մեկնարկ
06.04.2022

«ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում մասնակցային ժողովրդավարության ապահովման համար» ծրագրի շրջանակում «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, լեհական Solidarity Fund-ի աջակցությամբ, ապրիլի 20-ից նախատեսում է իրականացնել թրեյնինգներ ՀՀ Լոռու մարզի Դսեղ, Դեբետ և Վահագնի վարչական համայնքներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակում։

Ծրագրի ընթացքում վերոնշյալ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները, տեղական ՀԿ-ների ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, համայնքային ակտիվ քաղաքացիները կհամախմբվեն ՝ քննարկելու իրենց համայնքերի առջև ծառացած հիմնախնդիրները, կստանան մասնագիտական աջակցություն զարգացնելու առաջնորդության, հաղորդակցության, լավ կառավարման և մասնակցային ժողովրդավարության մասին իրենց գիտելիքները, ձեռք կբերեն դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններ։

Ծրագրի ավարտից հետո յուրաքանչյուր համայնքից ձևավորված խմբին կտրվի հնարավորություն մշակել համայնքային զարգացման ծրագիր, որը կստանա ֆինանսական աջակցություն։

Վերջում մասնակիցները կստանան ավարտական վկայականներ։

Սույն ծրագրին մասնակցել ցանկացող անձինք կարող են մինչև ապրիլի 8-ը դիմել իրենց համայնքապետարան՝ գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար։