Հունիսի 20-ին, ժամը 16:00-ին, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղում տեղի ունեցավ Արաքսավան համայնքի նոր պոմպակայանի ու ոռոգման ցանցի բացման հանդիսավոր արարողությունը։
Նոր պոմպակայանը և ոռոգման ցանցը կառուցվել է «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում՝ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։
Սույն ծրագրի շրջանակում Արաքսավան գյուղին հնարավորություն կտրվի ոռոգել 60 հա հողատարածք։
Արարարողությանը ներկա գտնվեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը,Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Թադևոսյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իր խոսքում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է․ «Արտացոլելով Ճապոնիայի կառավարության «Մարդկային անվտանգություն» հայեցակարգն իրականացնելու վճռական հանձնառությունը, ոռոգման նոր համակարգի կառուցումը կարևոր է այն առումով, որ մարդկային կյանքի պաշտպանությունը մեծապես կախված է ենթակառուցվածքների որակից: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս օժանդակությունը բարձրացնելու է բնակիչների կյանքի որակը և ապահովելու է նրանց սոցիալական և տնտեսական բարեկեցությունը»։
ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելացրել է, որ Կառավարության առաջնային խնդիրներից է գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելը։ Այս ծրագիրը մեծ աջակցություն է ոչ միայն Արաքսավան բնակավայրին և նրա բնակիչներին, այլև՝ ողջ մարզին։
«Եվրասիա» հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանի խոսքերով «ծրագիրը կնպաստի Արաքսավան բնակավայրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և կայուն զարգացմանը՝ տալով հնարովորություն բնակավայրի 64 տնային տնտեսության ունենալ ոռոգման ջուր և զբաղվել գյուղատնտեսությամբ»։