Այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Արաքսավան համայնքի նոր պոմպակայանի ու ոռոգման ցանցի կառուցման» ծրագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։
Արարարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները։
Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Եվրասիա» ԲՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ՝ «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։
Սույն ծրագրի շրջանակում Արաքսավան համայնքին հնարավորություն կտրվի ոռոգել ևս 60 հա համայնքային հողատարածքներ, կդրվի այն հիմքը, որը հնարավորություն կտա համայնքին կարճ ժամանակահատվածում իր ուժերով լուծել ողջ համայնքի ոռոգման հիմնախնդիրը՝ նպաստելով համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և կայուն զարգացմանը։
Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 24 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացումն խթանող մի շարք ծրագրեր ու նախագծեր։