«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրման օրվանից նպատակ ունենալով բարելավել ՀՀ շրջակա միջավայրի վիճակը՝ իրականացրել է բնապահպանական մի շարք ծրագրեր, առաջնորդվել է միջազգային հարթակում տիրող սկզբունքներով և ձեռք բերել մի շարք գործընկերներ՝ պահպանելով «21-րդ դարի օրակարգի» սկզբունքը (շրջակա միջավայրի պաշտպանություն, սոցիալական արդարություն, տնտեսական աճ ): «Եվրասիա» ԲՀԿ-ն ներկայիս գործունեությունն իրականացնում է առաջնորդվելով Փարիզյան գագաթնաժողովում ընդունված պայմաններով: Ինչպես գիտենք, 2015 թվականի նոյեմբերին Հայաստանը իր ակտիվ մասնակցությունը ունեցավ փարիզյան գագաթնաժողովին, որը իր բնույթով բնապահպանական էր և նվիրված էր ջերմոցային գազերի կրճատմանը: «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմք ընդունելով 150 երկրների միջև ձեռք բերված գրավոր պայմանագիրը այն մասին, որ մասնակից բոլոր պետությունները արտադրական ոլորտ պետք է ներմուծեն և կիրառեն նորագույն տեխնոլոգիաներ՝ նպաստելով ջերմոցային գազերի կրճատմանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ իրականացրեց պիլոտային «դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովմանը» ծրագիրը: Ծրագրի շնորհիվ այժմ Շիրակի մարզի Ազատան բնակավայրում կառուցվում է 70 ԿՎտ հզորությամբ արևային կայան, որը կարտադրի շուրջ 100000 ԿՎտ ժամ էլեկտրաէներգիա և կկրճատվի շուրջ 50000 կգ ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ: Չունենալով վառելիքային ռեսուրսներ` բարձր արեգակնային ռադիացիայի ներուժի կիրառմամբ արտադրվող էլեկտրաէներգիան կբավարարի ոչ միայն Ազատանի, այլև հարակից բնակավայրերի էներգետիկ կարիքները: Ծրագրի շնորհիվ կբարելավվի նաև տարածաշրջանի էկոլոգիական վիճակը և որոշ չափով կլուծվի բնակչության սոցիալ-տնտեսական դրությունը:
Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է «փարիզյան գագաթնաժողովի» սկզբունքներին և խոսում է այն մասին, որ Հայաստանը լինելով փոքր պետություն և գլոբալ մակարդակով ավելի քիչ արտանետումներ ունենալով դեպի շրջակա միջավայր, այնուամենայնիվ պահպանում է միջազգային պայմանավորվածությունը: