Սեպտեմբերի 24-ին, Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի ունեցավ «Գուսան Աշխույժ»-ի անվան արվեստի դպրոցի պարի դասարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը։
Արվեստի դպրոցի դասասենյակը վերանորոգվել և նորովի շահագործման է հանձնվել «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում։
Ծրագրի ֆինանսավորման մեծ մասը տրամադրել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը՝ «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում, իսկ մյուս մասը տրամադրել է «Եվրասիա» ԲՀԿ-ն։
Ծրագիրը կենսական նշանակություն ունի Արագած համայնքի և նրա բնակիչների համար, քանի որ կնպաստի արվեստի դպրոցի սաների ու ուսուցիչների առավել հարմարավետ և բարենպաստ պայմաններում մշակութային գործունեության ծավալմանը։
Արարարողությանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Արագած համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը, Ապարան շրջանի փոխհամայնքապետ Գոռ Աբրահամյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 21 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում մշակութային, էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացմանը խթանող մի շարք ծրագրեր ու նախագծեր։ Վերջերս կազմակերպության նախաձեռնությամբ իրականցվեց ևս մեկ լայնամասշտաբ ծրագիր․ «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համագործակցության արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքում կառուցվեց առաջին արևային ֆոտովոլտային կայանը։