«Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպության նախաձեռնությամբ և Արագածի համայնքապետարանի մասնակցությամբ 2015թ.-ի հուլիսի 23-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքում տեղի ունեցավ «ԼԵՌՆԱՅԻՆ ՄՈՐՈՒ ՓԱՌԱՏՈՆ»: Փառատոնը կազմակերպվել է Արագածոտնի մարզում «զբոսաշրջության, մշակույթի, հայ ավանդական արժեքների զարգացման» շրջանակներում։
Փառատոնի հյուրերը համտեսեցին յուրօրինակ կերակրատեսակներ և մորու հյութեր, որոնք պատրաստել էին տեղի բնակիչները։
Փառատոնի շրջանակում տեղի ունեցան լեռնային մորուց տարբեր կերակրատեսակների պատրաստման վարպետության դասեր, խոհարարական մենամարտեր գյուղի բնակիչների միջև։ Առանձին տաղավարներում ներկայացվեցին դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների աշխատանքները։
Միջոցառման մասնակիցներն ունկնդրեցին նաև «Մորու համերգ», որին մասնակցեցին Արագածոտնի մարզի կատարողներ և տարբեր պարային համույթներ։ Մարտարվեստների սիրահարները դիտեցին հետաքրիր շոու երիտասարդ կարատեիստների մասնակցությամբ։
«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Նվեր Թորոսյանը նշեց, որ Արագածոտնի մարզը հարուստ է լեռնային մորիով, որն առանձնանում է հատուկ համային և էկոլոգիական որակներով։ Հենց այդ պատճառով «Լեռնային մորու փառատոնն» անցկացվում է այս մարզում։
Նա ավելացրեց, որ փառատոնի նպատակն է ոչ միայն համեղ հատապտուղներ համտեսելը և հետաքրքիր միջոցառումներ անցկացնելը, այլ նաև պոտենցիալ արտադրողներ, գնորդներ, ինչպես նաև ներդրողներ ներգրավելը, ինչը նպաստում է մարզում արտադրության աճին։ Միջոցառումն ուղղված է նաև արտասահմանյան զբոսաշրջիկներ գրավելուն, քանի որ մարզը հիանալի զբոսաշրջային պոտենցիալ ունի։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, մշակույթի նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Գյումրի քաղաքի ռուսական զինվորական բազայի հրամանատարի օգնական Վարդապետ Անդրեյը, ով Մոսկվայի և համայն Ռուսաստանի Պատրիարք Կիրիլի անունից «Եվրասիա» ԲՀԿ նախագահ Ն. Թորոսյանին շնորհեց Ռուսական Ուղղափառ եկեղեցու հոբելյանական մեդալ`«Ի հիշատակ Մեծն Սուրբ Իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցին»: