ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Պահպանեˊնք բնությունը և այն կպահպանի մեզ» բնապահպանական ծրագրի մասնակիցների պատվոգրերի հանձման արարողություն
22.05.2018

Մայիսի 21-ին, Արագած համայնքի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Պահպանենք բնությունը և այն կպահպանի մեզ» խորագիրը կրող բնապահպանական ուսուցողական ծրագրի մասնակիցների պատվոգրերի հանձման արարողությունը, առ այն, որ նրանք մասնակցել են «Եվրասիա» ԲՀԿ-ի և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մշակած և իրականացրած էկոլոգիական ծրագրին։
Ծրագրի մեթոդաբանությունը և թեմաները մշակվել և ընտրվել էին «Եվրասիա» ԲՀԿ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների համատեղ համագործակցության արդյունքում, որի ընթացքում ընտրվել էին այնպիսի թեմաներ, որոնք անմիջականորեն առնչվում էին արդի բնապահպանական հիմնախնդիրների հետ, ինչպիսիք են՝ ընդհանուր էկոլոգիական հիմունքները, կենսոլորտը և դրա նշանակությունը, մթնոլորտի աղտոտման հետևանքները, օդային ավազանի աղտոտման ուղիները և օդային ավազանի պահպանում, ջրային ավազանի հիմնախնդիրները և այլն։ Ծրագիրը ճանաչողական, ուսուցողական բնույթի էր, որն անցկացվեց ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի թիվ 1 և 2 միջ․ դպրոցներում՝ 2018 թ․ մարտի 12-ից մինչև մայիսի 21-ը՝ որպես լրացուցիչ կրթության դասաժամ։
Ծրագրի հիմնական նպատակն էր դպրոցականների մոտ ՀՀ բնապահպանական կրթության և դաստիարակության դերի և նշանակության բարձրացումը, ինչպես նաև էկոլոգիական մշակույթի զարգացման ու էկոլոգիական արժեքների ձևավորման խթանումը։
Ծրագիրը ներառում էր այն գիտելիքները, կարողությունները, հմտությունները և արժեքային կողմնորոշումները, որոնք անհրաժեշտ են աշակերտների մոտ համակարգված բնապահպանական աշխարհայացքի ձևավորման սկիզբը դնելու համար։
Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան Արագած համայնքի թիվ 1 և 2 դպրոցի տնօրենները, դասվարները, Արագած համայնքի համայնքապետ պրն․ Հ․ Հովհաննիսյանը, ինչպես նաև 6-րդ դասարանների ծնողները, որոնք ընդգծեցին, որ ՀՀ աշակերտների մոտ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների մասին իրազեկման ու տեղեկատվության մակարդակի բարձրացումն շատ արդիական ու կարևոր հիմնախնդիր է, և հույս հայտնեցին, որ ծրագիրը «Եվրասիա» ԲՀԿ-ի հետ կրելու է շարունակական բնույթ։