2022թ․ ապրիլի 21-22 ին տրվեց «ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում մասնակցային կառավարում ապահովելու համար» ծրագրի մեկնարկը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Solidarity Fund PL-ի ներկայացուցիչ Աննա Ռադեցկան, «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը։
Ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Վահագնի, Դեբետ և Դսեղ բնակավայրերի ՏԻՄ անդամները և բնակիչները ծրագրի առաջին՝ «Արդյունավետ հաղորդակցությունը որպես ինտեգրման և համախմբման հիմնական միջոց» թրեյնինգի ընթացքում ձեռք բերեցին հաղորդակցության սկզբունքների, կոնֆլիկտային/ճգնաժամային իրավիճակներում կողմնորոշվելու, ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ուղիների մասին տեսական, ինչպես նաև գործնական գիտելիքներ։
Թրեյնինգը անցկացրեց Մոլդովայից հրավիրված մասնագետը՝ Աննա Չերնևան, Մոլդովայի Հանրապետության «ԼԻԴԵՐ» ազգային ցանցի գործադիր տնօրենը։
Առաջին թրեյնինգի նպատակն էր մասնակիցների մոտ խթանել արդյունավետ հաղորդակցության հմտությունները, հնարավորություն տալ հեշտորեն ինտեգրվել միջավայրին։
Նշենք, որ թրեյնինգները շարունակական բնույթ են կրելու, որից հետո յուրաքանչյուր բնակավայր ներկայացնելու է իր համայնքի զարգացման համար մեկական ծրագիր, որը ֆինանսավորվելու է «Եվրասիա» ԲՀԿ-ի կողմից։
Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացնում է «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը լեհական Solidarity Fund-ի աջակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակում։