Շիրակի մարզի Ազատան համայնքում կկառուցվի 70 ԿՎտ հզորությամբ առաջին արևային ֆոտովոլտային կայանը։
70ԿՎտ հզորությամբ արևային կայանը կկառուցվի «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում։
Ծրագրի ֆինանսավորման մեծ մասը կտրամադրի ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը՝ «Դրամաշնորհային աջակցություն հանուն Մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։ Արևային կայանի կառուցման համաֆինանսավորումը կլինի մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում և կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել վեց ամսվա ընթացքում։
Կառուցվող ֆոտովոլտային կայանը կարտադրի 100 հազար կՎտ ժամ էլեկտրաէներգիա ու կայանի աշխատանքի շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 55,000 կգ ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը։
«Ազատան գյուղում 70 ԿՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման» նախագծի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղում։
Արարարողությանը ներկա կգտնվեն ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Յամադան, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 21 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացումն խթանող մի շարք ծրագրեր ու նախագծեր։