
Մայիսի 12-14-ը, 2025թ. տեղի ունեցավ «Եվրասիա» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայնքներում՝ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի հանդիսավոր մեկնարկը:
Ծրագիրը նպատակն է նպաստել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարների կարողությունների զարգացմանը մասնակցային կառավարման մոդելի կիրառմամբ՝ ամրապնդելով ժողովրդավարական գործընթացները ընտրված բնակավայրերում:
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում Լեհաստանից, Չեխիայից և Սլովակիայից հրավիրված առաջատար փորձագետները կիսվեցին իրենց երկրների լավագույն փորձով, ներկայացնելով համագործակցության նոր հնարավորություններ և գործնական լուծումներ, որոնք կարող են կիրառվել հայկական գյուղական համայնքներում։
Ծրագիրը գործնական հմտություններ և գործիքակազմ տրամադրեց Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարներին՝ իրենց համայնքներում ավելի արդյունավետ ներգրավվածություն ապահովելու համար։
Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Լեհաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Մարչին Ռոժիցկին, «Եվրասիա» կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, «Եվրասիա» կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Ալեքսի Բորովկան (The Institute of New Europe, Լեհաստան), Շառկա Շոուպը (Institute for Politics and Society, Չեխիա), Ջան Ցինգելը (Strategic Analysis Think Tank, Սլովակիա), ՀՀ Լոռու և Տավուշի մարզպետարանների տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետեր՝ Աղաբեկ Գալստյանը և Մհեր Խեչումյանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ միտված տեղական նշանակության կարևոր որոշումների կայացման գործընթացում բնակիչների ներգրավվածության խթանմանը։