«ՏԻՄ -երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի շրջանակում «G-YAN» հուշանվերների սրահի հիմնում
«ՏԻՄ -երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի շրջանակներում Մանուշ Սարգսյանը ստանալով դրամաշնորհային աջակցություն՝ Դեբետ համայնքում հիմնել է «G-YAN» հուշանվերների սրահը:
Շուրջ 2 տարում Դեբետ համայնքում հիմնվել են 7 հյուրատուն և մի քանի հանգստի գոտիներ։ Զրուցելով տեղի հյուրատների տերերի հետ, ինչպես նաև էքսկուրսիա եկող խմբերի հետ՝ թե ինչ կցանկանային տանել իրենց հետ համայնքից, Մանուշի մտքում գաղափար առաջացավ գյուղում հիմնել հուշանվերների սրահ։
«G-YAN» հուշանվերների սրահում պետք է պատրաստվեին զբոսաշրջիկների և այցելուների համար յուրօրինակ ձեռագործ իրեր, որոնք նրանց կհիշեցինեին Դեբետը և տեղական մշակույթը ։ Սրահ այցելողներին պետք է հնարավորություն տրվեր մասնակցել հուշանվերների պատրաստման վարպետաց դասերի՝ տեսնել իրերի պատրաստման ողջ գործընթացը սեփական աչքերով և ցանկության դեպքում նաև մասնակցել դրան։
Մինչ Մանուշ Սարգսյանի գաղափարը՝ համայնքում, ինչպես նաև հարակից համայնքներում, չկար նմանատիպ սրահ,որտեղ այցելուները կարող էին փոքրիկ հուշ տանել իրենց հետ՝ մագնիսի, զարդի, կրծքազարդի, ինչպես նաև այլ ձեռագործ իրերի տեսքով:
Հուշանվերների սրահը գտնվում է գյուղամիջի կենտրոնական մասում և բոլոր հյուրատներ և հանգստյան գոտիներ տանող ճանապարհների կենտրոնում:
Մանուշ Սարգսյանի բիզնես գաղափարը դարձավ 4 հաղթող ծրագրերից մեկը: Ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Մանուշ Սարգսյանը կարողացավ համալրել սրահը հուշանվերների պատրաստման համար անհրաժեշտ սարքավորեումներով և բարձրակարգ նյութերով,ինչպես նաև ապահովել դիզայնի,տպագրության և մարկետինգի խթանման ամբողջ ծախսերը։
Հիշեցնենք, որ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության և լեհական Solidarity Fund-ի աջակցությամբ իրականացվող 8-ամսյա ծրագրի շրջանակներում Մանուշ Սարգսյանին և մյուս մասնակիցներին հնարավորություն տրվեց ոլորտի առաջատար փորձագետների օգնությամբ և խորհրդատվություններով մշակել և ներկայացնել իրենց սեփական բիզնես ծրագրերը։ Ծրագրի կարևոր բաղադրիչ էր նաև սոցիալ ձեռնարկատիրության գաղափարի ներկայացումը մասնակիցներին ու շեշտադրումը, որ բիզնեսները բացի անձնական շահույթից կարող են էապես օգնել համայնքի մյուս բնակիչներին ևս։